Artsruni Progressive Music Act
Վահան Արծրունին ծնվել է 1965թ. Դեկտեմբերի 5-ին Երևանում։ Սերում է Արծրունիների իշխանական տոհմից։ 1983-1989թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ 1991թ.-ին ավարտել է բժշկական օրդինատուրան։ 1986-1992թթ. եղել է «Նարեկ» արական երգչախմբի մեներգիչ, 1993-1994թթ. «Հայսմավուրք» երգչախմբի անդամ, 1995թ. Հայաստանի պետական կապելլայի անդամ։ 1989-1994թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում՝ պրոֆեսոր Գոհար Գասպարյանի մասնագիտական դասարանում։
Վահան Արծրունին հայկական երաժշտական մշակույթի կարևոր դեմքերից է։ Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ իրականացվել և իրականացվում են մի շարք միջոցառումներ և նախագծեր, ինչպիսիք են “GAUDEAMUS” 4 երաժշտական փառատոնները (1994-1996թթ.), “ART PROMO” հեռուստաշարը (1995, 1997-2002թթ., Ա1+), “VOX MUNDI” հաղորդաշարը (1998-1999թթ., FM107), «Սաբոտաժ» հաղորդաշարը (2000-2002թթ., FM107, Ա1+), “Meloman Club” հաղորդաշարը (2019թ., Ազատություն ՀԸ) և «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարը (2017թ.-առ այսօր, Հայստանի Հանրային Ռադիո)։
Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային տեսակ և արժեքային համակարգ։ Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն։ Որպես կոմպոզիտոր Վահան Արծրունին հայտնի է նաև թատրոնի, կինոյի, մուլտիպլիկացիոն ֆիլմերի և կերպարվեստի բնագավառներում։ Հեղինակ է հինգ թատերական ներկայացումների, տասնյոթ վավերագրական և երկու խաղարկային ֆիլմերի, վեց անիմացիոն ֆիլմերի, մնջախաղային ներկայացման, բալետի և ակտուալ արվեստի բազմաթիվ ակցիաների և ցուցադրությունների համար գրված երաժշտությամբ։ Որպես կատարող-երաժիշտ համագործակցել է երգիչներ Արթուր Մեսչյանի, Աննա Մայիլյանի, Հասմիկ Բաղդասարյանի, ինչպես նաև Հայաստանի Պետական կամերային նվագախմբի, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Օպերային Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերի և «Շողակաթ» մանկական երգչախմբի հետ։
«Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմը 2003 թվականին ճանաչվել է Հայաստանյան Ազգային երաժշտական մրցանակաբաշխության մրցանակի՝ «Լավագույն Ալբոմ 2003» անվանակարգում, իսկ 2004 թվականին Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակների՝ «Լավագույն այլընտրանքային ազգային ալբոմ» և «Ալբոմի լավագույն ձևավորում» անվանակարգերում։ 2007 թվականից «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ամբողջովին ներառվել է հանրակրթական դպրոցի «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ պետական ծրագրում և դասագրքերում։ 2012 թվականից «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» մաշտոցյան շարականների Վահան Արծրունու մշակումների շարքը ընդգրկված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հանրակրթական ուսումնական ծրագրում։
Ասորական հոգևոր երաժշտության մշակումների համար 2008 թվականին Վահան Արծրունին արժանացել է Ասորական Արևելքի Եկեղեցու ՄարԴինխա IV կաթողիկոս-պատրիարքի Հովվապետական Օրհնությանը։ 2016 թվականին արժանացել է Ազգային ամենամյա թատերական մրցանակաբաշխության «Արտավազդ» մրցանակի՝ «Ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն» անվանակարգում՝ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի երաժշտության համար։ «CRUZAID» ալբոմը 2002 թվականին հրատարակվելով Ֆրանսիայում «MUSEA RECORDS»-ի կողմից՝ 2003 թվականին ընդգրկվել է պրոգրեսիվ երաժշտության եվրոպական լավագույն տասնյակում։ Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով, 2014 թ.: