«ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ
ARMENIA IN ROCK
ՓԱՌԱՏՈՆ»

Փաստավավերագրական ֆիլմ

Այս ֆիլմն ամբողջապես ստեղծվել է հայ երազող և գործող ռոք երաժշտի ու խմբի կողմից, որոնք իրենց փորձառության պրիզմայի միջով պատուհան են բացում դեպի Հայաստանում ռոքի պատմության դաշտը և անդադրում փորձում են ճանապարհներ գտնել այն զարգացնելու և պահպանելու համար:

2019թ.-ին Դոգմա խմբի հիմնադիր և բաս կիթառահար, «Ռոք ասոցիացիայի» նախագահ Վարդան Գրիգորյանը որոշեց մեկտեղել Հայաստանի հին ու նոր ռոք երաժիշտներին, համախմբեց բոլորին՝ մասնակցելու իր նախաձեռնած «Armenia In Rock» փառատոնին:

Եվ այս ողջ ընթացքը Դոգմա խումբն ընկերների աջակցությամբ տեսանկարահանեցին, որի արդյունքում ստեղծվեց «Ճամփորդություն դեպի Armenia In Rock փառատոն»՝ չորս մասից բաղկացած վավերագրական ֆիլմը, որը ներառում է մերօրյա ռոք խմբերի ու երաժիշտների պատմությունները՝ ահելից ջահել, չորս ժամանակաշրջաններում:

Դոգման անցնում է քաղաքից քաղաք, տնից տուն, հյուրընկալվում մյուս ռոք խմբերին, նրանց էլ հյուրընկալում իրենց ստուդիայում և մտերմիկ ու շատ անմիջական զրույցով փորձում են բացահայտել նրանց անցած ուղին, ստեղծագործելու խթանը և Հայաստանում այն շարունակելու մղիչ ուժը: Ընթացքին զուգահեռաբար՝ ռոքի և խմբերի մասին իրենց մտքերն են արտահայտում հայտնի երաժշտագետներ ու երաժիշտներ։

Եվ, իհարկե, ֆիլմի կարևոր մաս են կազմում հենց փառատոնի համերգային ելույթները:


*Ֆիլմը որևէ հովանավոր չունի և նկարահանվել է բացառապես Դոգմայի անդամների ու ընկերների միասնական  ջանքերով։ Սակայն դուք կարող եք ձեր ֆինանսական ներդրումն ունենալ, եթե կգնահատեք կատարված աշխատանքը և կցանկանաք աջակցել այս գաղափարին։ Նվիրաբերել կարող եք ԱՅՍՏԵՂ։


Կանխավ շնորհակալ ենք և մաղթում ենք հաճելի դիտում։