Շարունակական պահել հայկական ռոքի պատմությունը

«Armenia In Rock» հարթակը համանուն փառատոնի և ֆիլմաշարի տրամաբանական շարունակությունն է՝ որպես Հայաստանում ռոք երաժշտության ասպարեզը համախմբող և ամփոփող մի հարթակ, որտեղ ներկայացված են Հայաստանում ռոք ոլորտին, խմբերին, ալբոմներին, համերգներին,  նախագծերին և փառատոններին վերաբերող հիմնական տեղեկություններն ու նորությունները։ 

Այս հարթակը ստեղծվել է երաժշտությունն անասելի շատ սիրող երաժիշտների կողմից, որոնց նպատակն է կենդանի պահել ռոք երաժշտությունը Հայաստանում։ Սա արվում է բացառապես անհատ երաժիշտների, խմբերի և ընկերների լավատեսական համառ ջանքերի ու անձնական ֆինանսական միջոցների շնորհիվ։

  Ուստի՝ այս գաղափարը զարգացնելու և կայքը պահպանելու համար համախոհ մարդկանց առկայությունը և աջակցությունը մեզ համար ոգևորիչ է, գնահատելի է ու չափազանց կարևոր։ Աջակցե՛ք մեզ՝ նվիրաբերելով ԱՅՍՏԵՂ։

 

Եթե ուզում եք իմանալ ավելին…



2019թ.-ին ևս մեկ նախագիծ նախաձեռնեցի․ ռոք ոլորտում վաղուց մեծ իրադարձություններ չէին լինում և տևական լռությունը խախտելու համար որոշեցի նորից բոլորին հավաքել մեկ գաղափարի շուրջ։ Լուրջ ներդրումներ արեցի, կարողացա համախմբել ընկերներիս, գրեթե բոլոր խմբերին, նկարեցինք ֆիլմը  («Ճամփորդություն դեպի «Armenia In Rock» փառատոն»), փառատոնը հաջողությամբ արեցինք, խոստացանք, որ ամենամյա կլինի… բայց հետո եղավ քովիդը… հետո եղավ պատերազմը… հետո եղավ հուսախաբությունը… ու արդեն կարևոր չէր, թե հետո ինչ կլիներ…

2003թ.-ից ի վեր իմ բոլոր ջանքերը, ներդրումները, ուժերը, միջոցներն ուղղված են եղել Հայաստանում ռոք ոլորտում կենդանություն պահպանելուն։ Մեծ-մեծ խոսել չլինի, սա է իրողությունը՝ բազմաթիվ լոկալ ու միջազգային փառատոններ, համերգներ, ձայնագրություններ, շատ-շատ նորաստեղծ խմբերին աջակցություն այն ժամանակ ռոքեռներին հայտնի իմ հիմնադրած «Vibrographus»ընկերության կողմից։

Երբ 2009թ.-ին առաջին անգամ որոշեցինք, որ Հայաստան հրավիրենք աշխարհահռչակ ռոք խմբերի, շատերը թերահավատ էին, որովհետև դեռևս նման ռիսկ ոչ մեկ չէր վերցրել։ Ու երբ արդեն մեր հրավերով Հայաստան եկավ «Jethro Tull» խումբը, աշխարհի քարտեզի վրա Հայաստանն առաջին անգամ նշմարվեց՝ որպես մի երկիր, որտեղ ևս միջազգային երաժշտական, տվյալ դեպքում՝ ռոք իրադարձություններ են տեղի ունենում։ 

Հետո մեր հրավերով եկավ «Uriah Heep»-ը, հետո՝ «Deep Purple»-ը, հետո՝ «John McLaughlin & the 4th Dimension»-ը, հետո նախորդ այցից ձեռք բերած մեծ վստահության շնորհիվ նորից եկավ Իեն Անդերսոնը՝ «Ian Anderson Plays Orchestral Jethro Tull» ծրագրով… Ու միայն մենք՝ ես ու խմբիս՝ «Dogma»-ի անդամները գիտենք, թե որքան դժվարություններ ունեցանք այս երազանքը կյանքի կոչելու ճանապարհին, որովհետև ի սկզբանե գիտակցում էինք, որ այսպիսի նախաձեռնությունը Հայաստանի նման երկրի համար երբեք չէր կարող բիզնես լինել, այլ հնարավոր էր իրականացնել միայն անուղղելի երազող լինելու պայմանով։  

Եվ հենց նույն երազանքն է, որ բազում դժվարություններից ու հիասթափություններից հետո թույլ չի տալիս վերջնական ընկճվել և դրդում է նոր գործերի իրականացման։ Եվ գլխումդ անընդհատ նույն հարցն է կրկնվում՝ «Եթե ես չանեմ, բա ո՞վ…»։  Որովհետև երբ դու ոչ միայն երազող ես, այլ նաև կատարող, դու տեսնում ես, թե ոնց ես իրականացնում նաև քո ընկերների երազանքը. երբևէ կերազեի՞ր քո ժամանակի հերոսների՝ Իեն Անդերսոնի կամ Ջոն Մըքլաֆլինի ձեռքը սեղմել, զրուցել, գինի խմել նրանց հետ ու անմիջականորեն հիանալ նրանց վիրտուոզ կատարմամբ, անգամ՝ ելույթ ունենալ միասին․․․

Ուրեմն՝ հավատացինք, որ մեր երազանքները կարող են կատարվել…

«Armenia in Rock» փառատոնը նման երազանքներից էր՝ ունենալ Հայաստանի սեփական ռոք փառատոնը՝ ոչ թե հանուն ինչ-ինչ լոզունգների, այլ՝ փառատոն հանուն երաժշտության։ Ու փառք Աստծո, որ իմ պես երազող ընկերներ կան կողքիս, որոնք անվարձահատույց աշխատեցին, որպեսզի կայանա և՛ երկօրյա բացօթյա անվճար փառատոնը, և՛ օգնեցին նկարահանել ողջ ընթացքը ու ստեղծել ֆիլմաշար, որում ներկայացվում են մինչ մեր օրերը հասած ու ներկայումս գործող հին ու նոր ռոք խմբերը։ 

Ահա թե որտեղից հենց ծնվեց նման կայք ստեղծելու գաղափարը, երբ ֆիլմի նկարահանումների ընթացքում հասկացանք, որ սրա պակասը Հայաստանում ևս ունենք՝ մի շնչող պորտալ, որտեղ կամփոփվեն Հայաստանում ռոք ոլորտին վերաբերող նյութերը՝ հատուկ կայքի համար նոր ստեղծվող ու մշակվող կոնտենտով։ 


Մեր մեջ փորձելով հաղթահարել հետքովիդյան և հետպատերազմյան ընկճված վիճակը՝ նորից հավաքեցինք համախոհ ընկերներին, ում մոտ, ի ուրախություն բոլորիս, երազելու հույսը ևս դեռ չէր մարել, ու սկսեցինք աշխատանքը։

Նրանք են՝ 

Զառա Գևորգյան — Դոգմայի ձայնն ու այսուհետ այս կայքի խմբագիրը;

Վահագն Պապայան — «Oaksenham»-ի Ջեֆը կամ «Ռոքեստր-ի ընկեր Վահագնը, ով «ԱՅԲ» դպրոցի իր աշակերտների հետ հավաքում է խմբերի մասին տեղեկությունները, գրում է անոտացիաներ ու ակնարկներ;

Արտաշես Ստամբուլցյան — կամ մեզ հայտնի դիզայներ Ata-ն, ով առանց վարանելու պատրաստեց կայքի artwork-ը։

_____ 

Մենք նորից լոկ մեր ջանքերով ու միջոցներով փորձելու ենք կենդանի պահել «ArmRock» կայքը, բայց շատ ենք ուզում հավատալ, որ մեզ պես երազողներ դեռ կան, ովքեր բազմաթիվ անգամներ եղել են մեր կազմակերպած համերգներին ու փառատոններին, մեզ հետ երազել են ու հիմա էլ կշարունակեն երազել ու սատարել մեզ՝ իրականացնելու ևս մեկ անհրաժեշտ նախագիծ։ 

Երազանքից՝ ի գործ…

Կապ

Միանալ մեզ