Անձրևաշուն
«Լավ Էլի» ռոք խմբի թողարկած վերջին ալբոմի անվանումը, վստահաբար, հակասական ու տարօրինակ կթվա շատերին։ Անձրևաշու՞ն։ Ալբոմ աշնանային տրամադրությա՞ն, թե՞ ուղղակի շան մասին։ Իրականում, խմբի կողմից տարիներ շարունակ գրվող և, ի վերջո, 2018թ․ թողարկված «Անձրևաշուն» ալբոմը այս երկուսի համատեղումն է։ Ալբոմն իր անվանումը ստացել է դրանում ընդգրկված «Անձրևաշուն» երգից, իսկ վերջինիս ոգեշնչումն էլ հանդիսացել է ոչ այլ ոք, քան Լոռեցի Չալոն՝ 2018թ․ Հայաստանի թավշյա հեղափոխությանը ակտիվորեն մասնակցած շունը, ում մասին նկարահանված հոլովակի համար օգտագործվել էր «Լավ Էլիի» երգերից մեկը և հենց այսպես էլ խումբն իմացել էր դրա մասին։ Ալբոմը ձայնագրվել է Լավ Էլիի ներկա կազմի/Գոռ Մխիթարյան՝ առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ, Դավիթ Գրիգորյան՝ հարվածային գործիքներ, Մհեր Մանուկյան՝ վոկալ, առաջատար/ռիթմ կիթառ, շրթհարմոն, Վահե Տերտերյան՝ բաս կիթառ/ մասնակցությամբ։ «Անձրևաշուն» ալբոմն ընդգրկում է 11 երգ, որոնցից որոշների թեմատիկան ալեգորիկ կերպով արտացոլում է հեղափոխության ժամանակաշրջանն ու դրա հետ կապված տարբեր հույզեր ու գաղափարներ, իսկ մյուսներն ունեն առավել քնարական և խոհափիլիսոփայական երանգներ՝ կապված սիրո, հասարակության բարքերի, աշնան թախծալի տրամադրության հետ։ Ալբոմի առաջին երգը «Երջանիկ արքայազնն» է, երգ մարդկային չորացած սրտերի, անողոքության, մեռած կյանքի ու օտարվածության մասին։ Երգի ոգեշնչումը եղել է Օսկար Ուայլդի “The happy prince” հեքիաթը, ինչն էլ ևս մեկ անգամ փաստում է ալբոմի ծրագրային մաս ընդգրկելն ու բազմաբովանդակ լինելը։ Վերջինիս հաջորդում է նույնական թեմատիկա ունեցող «Աղբահանի երգը»։ Ամբողջ ալբոմի «երկայնքով» ձգվում է թախիծի, հոգնության տրամադրությունը, երգերի հերոսների մեծ մասի օտարվածությունը, սիրո թեման օրինակ «Մեր հանդիպման օրը» երգում, ռոմանտիզմն ու խոհափիլիսոփայությունը գրեթե բոլոր երգերում։ Ակնհայտորեն, ալբոմը առանձնանում է ոչ միայն իր երաժշտական ինքնատիպությամբ, այլև տեքստերի գեղարվեստական բացառիկությամբ և տրամաբանականությամբ։
- Երջանիկ արքայազնը
- Աղբահանի երգը
- Անձրևաշուն
- Մեր հանդիպման օրը
- Հեռանալ
- Խոտի կյանքից
- Որմնադիր
- Դավաճան
- Ճանապարհ
- Աշուն
- Գարուն