Lav eli

Լավ էլին հայկական ալտերնատիվ ֆոլկ ռոք խումբ է, որ ստեղծվել է Վանաձորում, 1996-ին՝ Մհեր Մանուկյանի և Գոռ Մխիթարյանի կողմից։ Նախկին ՍՆԷՔ (Սիրո Նեոէկզիստենցիալիստական Քրեստոմատիա) խմբի անդամները միավորվելով ԱԼՔ խմբից Դավիթ Գրիգորյանի և Ալեքս Ավետիսյանի հետ (վերջինիս, ալբոմի ձայնագրությունից հետո, փոխարինեց կրկին ԱԼՔ խմբից Վահե Տերտերյանը), 1997 թվականին թողարկեցին «Առաջին ԼԱՎ ալբոմը», որն ընդգրում էր 21 երգ՝ 10-ը անգլերեն, 11-ը՝ հայերեն։ 1998-ին թողարկվեց բենդի հաջորդ՝ «Էսսեներ» ալբոմը։ Ալբոմը մեծ հաջողություն գրանցեց, հեռարձակվեց Հայկական ռադիոյով։ Խմբի ճանաչվածությունն աճեց կենդանի շոուների և հեռուստատեսային ելույթների միջոցով։ Այնուամենայնիվ խումբը լուծարվեց 1999-ին՝ անհատական նախագծեր և ստեղծագործական գործունեություն ծավալելու նպատակով։ Վերամիավորումը տեղի ունեցավ 2004-ին և ձայնագրվեց «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» ալբոմը, որը բարձր գնահատանքի արժանացավ միջազգային հարթակներում և դարձավ երկպագուների ֆավորիտը։ 2011-ին «Լավ Էլին» կրկին վերադարձավ երաժշտական ասպարեզ նոր կազմով․ Մհեր Մանուկյան, Գոռ Մխիթարյան, Բագրատ Ազնաուրյան (կիթառ, օժանդակ վոկալ), Տիգրան Ոսկանյան (բաս), Շողեր Մանուկյան (թավջութակ)։ Խումբը կարծես նոր շունչ առավ և սկսեց կենդանի կատարումներով հանդես գալ Հայաստանում և արտասահմանում։ Իսկ 2015-ին, խմբի 20-ամյակի կապակցությամբ Լավ էլին ունեցավ 3 համերգ, որոնց մասնակցում էին ինչպես հին, այնպես էլ նոր անդամները։ Համաժողովրդական պահանջարկով, Լավ Էլին ստուդիա վերադարձավ 2018-ին և ձայնագրեց «Անձրևաշուն» ալբոմը, որը թողարկվեց թվային ֆորմատով և լայն ճանաչում գտավ հայ հասարակությունում։ Ալմբոմից հետո խումբը հրապարակեց նաև «Արևին, արևին» սինգլը՝ անիմացիոն հոլովակի տեսքով՝ Արմինե Հայրապետյանի մասնակցությամբ։ 2019-ին՝ Երևանի «Այրարատ» կինոթատրոնում Լավ Էլի և Բամբիռ խմբերը ելույթ ունեցան համատեղ համերգով, որը տեղական լրատվամիջոցները բնորոշեցին որպես «տարվա ռոք-համերգ»։ 2020-ին խմբի կազմը հետևյալ տեսքն ուներ․ Մհեր Մանուկյան, Գոռ Մխիթարյան, Գոռ Թադևոսյան, Տիգրան Ոսկանյան, Շողեր Մանուկյան, Վարդան Փարեմուզյան։ Այժմ, արդեն 25 տարի շարունակ Լավ Էլի հայկական ռոք խումբը շարունակում է ստեղծագործել՝ ի ուրախություն հայ լսարանի և երկրպագուների մեծ բանակի։