Երգացանկ

Ավազե Հովազ / Sand Leopard

Ո՞վ է տեսել / Who Has Seen?

Ու՞մ համար ես / Who Are You For?

Սպասում / Expectation

Melancholy

Black

Հորի-լորո / Hori-Loro

Ուրախացան / Joyspread

Argument

Falling

Ունկնդրել

UnderDogma

Դոգմայի երկրորդ ստուդիական ալբոմը ձայնագրվել է 2013թ.-ին Dogma ստուդիայում:   Ալբոմի ձայնագրման ընթացքում աշխատել է խմբի հետևյալ կազմը՝ Զառա Գևորգյան (վոկալ), Հենո Գրիգորյան (կիթառներ), Վարդան Գրիգորյան (բաս-կիթառ), Դերիկ Վարդումյան (հարվածային գործիքներ, վոկալ), Սերժ Մելքոնյան (ստեղնաշարային գործիքներ)։ Երաժշտության հեղինակն է Հենո Գրիգորյանը, տեքստերի հեղինակը՝ Զառա Գևորգյանը՝ բացառությամբ «Ավազե Հովազ» երգի, որի տեքստի հեղինակն է Վիոլետ Գրիգորյանը։ «Black» երգում խումբը համագործակցել է Վարդան Առաքելյանի հետ, ով երգի տեքստի համահեղինակն է և երկրորդ վոկալիստը։ Հնչյունային ռեժիսորներ՝ Վարդան Գրիգորյան և Սերժ Մելքոնյան։ Ալբոմի պրոդյուսերն է Վարդան Գրիգորյանը, շապիկի նկարի ու դիզայնի հեղինակը՝ Արտաշես Ստամբոլցյանը։

 

Երկրորդ ալբոմի բովանդակությունը թե՛ պոետիկ, թե՛ երաժշտական առումով բավական ծանրացել, կարելի է նույնիսկ ասել՝ լրջացել է․ լիովին անդրդոգմատիկ աշխարհի տրամադրություն է հաղորդում: Նախորդ ալբոմում նշանվելու սպասումով չարաճճի աներեսը հեռացել է, գուցե մեծացել է, արդեն ուրիշների սիրախաղերին է հեռվից նայում, օրինակ՝ փերիների, հովիվների («Ով է տեսել»): Խորհում է ժամանակի անցողության (Melancholy), ճանապարհների նեղության (Argument), երեխաների պարգևած ուրախությունների մասին («Ուրախացան»): Ի դեպ՝ «ուրախացան» բառը ոչ թե բայի հոգնակի ձևի խոնարհումն է երրորդ դեմքում, այլ գոյական է և նշանակում է «ուրախության ցանում»: Երգը մայրության բերկրանքի երաժշտա-հեքիաթասաց արտահայտումն է: 

 

    Ալբոմի 10 երգերից 4-ը անգլերեն են: Դրանք ավելի խոհական են, ֆոլկ-զվարճանքից հեռու՝  հավերժի և անհունի տիրույթում:  Ալբոմում ոչ միայն վոկալ գծերն են ավելի համարձակ ու բազմազան, այլ հենց վոկալիստները: Հանդիպում ենք ինտերվալային կրկնօրինակման․ օրինակ՝ «Ուրախացան» երգում Զառան կատարել է նույն մեղեդին զուգահեռ օկտավներով: Նման հնարք կա նաև Argument երգում, բայց այստեղ թեման ինքնին երկձայն է ներկայացված, և վրայից ավելանում է օկտավան: Վոկալ պոլիֆոնիայի խրախճանք է «Հորի լորո» երգում, որտեղ Զառայի իմպրովիզացիաներին ձայնակցում են տղամարդիկ՝ հիմնական մեղեդու երկձայն տարբերակով  (իրականում երկու ձայնն էլ երգել է խմբի թմբկահար Դերիկ Վարդումյանը, ով տարիներ շարունակ եղել է «Հովեր» երգչախմբի կազմում): Բայց այդքանով երգող տղամարդիկ չեն ավարտվում. «Black» երգում հայտնվում է Վարդան Առաքելյանը, ով Հայաստանում առաջին «growl» ոճով երգիչն է (դեռ 90-ականներին հանդես է եկել «Beerdigungs Leuten» grind-core խմբում), և հենց այդ տեխնիկայով էլ երգում է իր ձայնաբաժինը՝ էլ ավելի մգացնելով ալբոմի մռայլ, խոժոռ  ու հուսահատ երանգները:

 

Սերժ Մելոքնյանը մշտապես համագործակցել է խմբի հետ որպես հնչյունային ռեժիսոր և ձայնագրության մասնագետ: Այս ալբոմում նա կազմում ընդգրկված է նաև որպես ստեղնահար, և նրա ընտրած չարագուշակ ֆոներն ու այլերկրային տեմբրերը ևս նպաստում են ալբոմի «սևությանը»: 

 

Դոգմայի կիթառային մտածողությունը խիստ տարբերվում է արմատավորված ստանդարտներից: Այստեղ չկան ավանդական սոլոներ, ենթադրյալ վիրտուոզության շքահանդեսներ: Ակուստիկ և էլեկտրական կիթառների բազմազան տեմբրա-ռիթմիկ շերտերը ավելանում են մեկը մյուսի վրա և դառնում պատվանդան՝ վոկալ թեմաների ծաղկման համար: Սրա հետ մեկտեղ՝ չկա ավանդական սպասելի ակորդային ուղեկցություն: Եթե փորձենք Դոգմայի երգերը վերծանել հարմոնիկ ակորդաշարերի տեսքով, առանձնապես հաջողության չենք հասնի, քանի որ այդ բազմաշերտ նվագակցության հարմոնիկ լեզուն գոյանում է ուրույն լադային հիմքով կառուցած մեղեդային օստինատոներից:  

 

Բայց որքան էլ պինդ կառուցվի պատվանդանը, այն չի դիմանա, եթե հիմքը կայուն չլինի: Եւ այդ կայունությունը բաս-կիթառն է: Այն հնչում է խորը, իրապես ֆունդամենտալ և միաժամանակ՝ ճկուն: «Ուրախացան» (իրական «ուրախացան» ալբոմի ընդհանուր մութ հույզերում) երգի բասի պարտիան այն ճկունության ցայտուն օրինակ է՝ խլացված (muted) և ակցենտավորած ստակատոների ու երերուն լեգատոների միահանգույց, որը լավագույն կերպով նմանակում է երեխայի հետ խաղացող մեծահասակին: 

 

Եթե խոսում ենք ռիթմիկ ճկունության մասին, պարզ է, որ առաջին հերթին նկատի ունենք հարվածայինները: Եւ այս ալբոմում Դերիկ Վարդումյանը ապահովել է Հենոյի մտահղացած մետրառիթմիկ կալեյդոսկոպի դրամատիզմն ու թեթևությունը: Ալբոմի 10 երգերից 3-ն են միայն պարզ երկչափ 4/4-ում, այն էլ բնականաբար համեմված են սինկոպաներով, երկակի ակցենտներով, պոլիռիթմերով: Եւս 4 երգ (2,4,7,8,10) գտնվում է 3/4 կամ 6/8 տիրույթում՝ ճարպկորեն խաղարկելով այդ հեմիոլայի ներքին սահմանները: Երկու երգ խառը չափում են. Melancholy-ն՝ 7/8 և 7/4, իսկ Argument-ը՝ 17/8 (!): Այս վերջին չափը առաջանում է 9/8 և 8/8 տակտերի կայուն հերթափոխմամբ:

 

Իր ոճական և կատարողական հնարքների բազմազանությամբ «ԱնդրԴոգմա»-ն անշուշտ նոր խոսք է ոչ միայն հայկական ռոքում:

 

  1. Ավազե Հովազ / Sand Leopard
  2. Ո՞վ է տեսել / Who Has Seen?
  3. Ու՞մ համար ես / Who Are You For?
  4. Սպասում / Expectation
  5. Melancholy
  6. Black
  7. Հորի-լորո / Hori-Loro
  8. Ուրախացան / Joyspread
  9. Argument
  10. Falling
Խումբ
Ժանր
Թողարկման ամսաթիվ
December 2, 2013