Rozen Tal

Ռոզեն Թալը ձևարվորվել է 2015 թվականին Երևանում՝ Արմեն Եդիգարյանի, Հարութին Ասրյանի և Նարեկ Թովմասյանի կողմից։

Խմբի երգերի հեղինակ Արմենն ու բաս-կիթառահար Հարութը 2015թ. գարնանը սկսեցին նոր նախագծի համար  գործեր պատրաստել ու զուգահեռ փնտրել հարվածայիններ նվագող գաղափարակից։ Նարեկի հետ հանդիպումը իրեն չուշացրեց, և տրիոն պատրաստ էր ճամփա ընկնելու։

Ռոզեն Թալն առաջին անգամ բեմ բարձրացավ նույն թվականին Գետամեջում կայացած River Fest-ի ընթացքում, որտեղ տղաները նվագեցին ընդամենը 3 երգ, բայց հասցրեցին գրավել շատերի սրտերը: Ուղիղ մեկ տարի անց նույն փառատոնին Ռոզեն Թալն արդեն փակում էր համերգը: 

2016 թվականին խմբին է միանում Արսեն Օհանջանյանը՝ ստանձնելով մենեջերի դերը։  Գործարարական ոլորտում իր ունեցած փորձի և Ռոզեն Թալի հանդեպ մեծ հավատի շնորհիվ նա շարունակում է թիմային աշխատանքը և ապահովում խմբի առաջխաղացումն ու նոր ձեռքբերումները: 

Խմբի առաջին ալբոմը լույս տեսավ 2018-ին կրկնակի EP ֆորմատով: Այն արտացոլում էր խմբի  վաղ և միջին շրջանի մտածողությունը՝ ազդված 70-ականների պրոգրեսիվ ռոքից և ժամանակակից հարդ ռոքից:

Մոտ մեկ տարի տևած դադարից հետո 2020-21թթ. խումբը վերադարձավ բեմ՝ առաջին անգամ ներկայացնելով հայերեն գրված երգեր: Այս շրջանում Ռոզեն Թալը սկսեց նոր ոճեր և մոտեցումներ փորձարկել. ստեղծվեցին ակուստիկ բալադներ («Ժամանակն է», «Բյուր հազար») և պրոգրեսիվ մետալին հարող գործեր («Մեղա ողորմեա»): Վերջինս հետագայում հրապարակվեց որպես live single:

2022թ. վերջին խումբը թվային հարթակներում թողարկեց իր վաղ շրջանի սինգլների հավաքածուն և Civilnet հեռուստաընկերության կողմից նկարահանված «Live for Independence» համերգը, որտեղ հստակ երևում է խմբի նոր ուղղվածությունը: Համերգը հրապարակվեց նաև որպես live album, իսկ խումբն այժմ աշխատում է առաջին լիաֆորմատ ձայնասկավառակի վրա: