Fairwind

FairWind հայկական ռոք խումբը հիմնադրվել է 2007 թվականի սեպտեմբերի 1-ին Երևանում մի խումբ ընկերների կողմից, որոնք տարիների ընթացքում հմտանալով ռոք երաժշտության տարբեր ուղղություններում՝ մշտապես մարդաշատ համերգներ են ունեցել Հայաստանի մայրաքաղաքում և տարբեր շրջաններում: 

Խումբը հանդես է գալիս հեղինակային հայերեն երգերով, ինչպես նաև՝ արդեն իսկ սիրված և ժողովրդականություն վայելող երգերի սեփական մեկնաբանություններով: Խումբը  ստեղծագործում է ալտերնատիվ-ռոք ժանրում: Խմբի անփոփոխ անդամներն են Վարդգես Հովեյանը, Տիգրան Խաչատրյանը և Մկրտիչ Քալաջյանը: Տարբեր ժամանակներում խմբի անդամներ են եղել՝ բաս կիթառահարներ Ալեքսան Արշամյանը (2007-2008) և Վաչագան (Կավիճ) Ղարիբյանը (2009-2014) և կիթառահար Հրանտ Սահակյանը (2009-2011): 2014 թվականին խմբին է միացել բաս կիթառահար Արտավազդ Բաղդասարյանը, իսկ 2015 թվականից խմբի կիթառահար և վոկալիստ է նաև Բենիամին Ֆրունջյանը: 

Տարիների ընթացքում խումբը ակտիվ գործունեություն է ծավալել՝ համերգներով հանդես գալով Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում: 2016 թվականին խումբը թողարկել է «Յասաման» ճանաչված երգի սեփական մեկնաբանությունը՝ որոշ չափով շեղվելով «ալտերնատիվ-ռոք» ուղղվածությունից դեպի ավելի ավանդական քաղաքային երգի ոճական տարածք:

 2017 թվականին FairWind-ի «Սիրո Գիշեր» տեսահոլովակը (ռեժ.՝ Հայկ Բաղյան) առաջադրվել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության՝ տարվա լավագույն տեսահոլովակ անվանակարգում: Ակտիվ համերգային գործունեությանը զուգընթաց՝ խումբը համագործակցում է տարբեր անվանի երաժիշտների, ռեժիսորների հետ՝ իրականացնելով համատեղ նախագծեր, հայկական և հայալեզու ռոքի հանդեպ հանրության ուշադրությունն էլ ավելի գրավելու նպատակով: 

2019 թվականի հունիսին խումբը ներկայացրեց իր առաջին հեղինակային «Մյուզիք» ձայնասկավառակը, ինչից հետո մենահամերգներով հանդես եկավ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքներում։ Ձայնասկավառակի թողարկումից հետո խումբն ակտիվորեն շարունակեց ձայնագրել և թողարկել նոր երգեր և տեսահոլովակներ և 2020 թվականին «VAN MUSIC AWARDS» մրցանակաբաշխությանը ճանաչվեց տարվա լավագույն ռոք խումբ։

 2020-ից մինչև 2022 թվականը FairWind-ը թողարկեց մի շարք հեղինակային ստեղծագործություններ, որոնց շարքում էին «Կարմիր» և «Մնացածը» երգերը, ինչպես նաև մի շարք հանրաճանաչ երգերի սեփական մեկնաբանություններ՝ «Ամեն Բացվող Առավոտ», «Սիրո Հասակ», «Զեփյուռ» և այլն։ 

2022 թվականին խմբի կիթառահար Մկրտիչ Քալաջյանը մեկնեց Հայաստանից և նրան փոխարինեց Ռոբերտ Խուդավերդյանը։ Այժմ FairWind-ն ակտիվորեն աշխատում է նոր համերգային ծրագրի և հեղինակային նոր երգերի վրա հետևյալ կազմով.

Վարդգես Հովեյան՝ վոկալ, կիթառ

Բենիամին Ֆրունջյան՝ կիթառ, վոկալ

Ռոբերտ Խուդավերդյան՝ կիթառ

Արտավազդ Բաղդասարյան՝ բաս կիթառ

Տիգրան Խաչատրյան՝ հարվածային

Ալբոմներ