Երգացանկ

Խոսքկապ

Խաղերս

Հարս

Ռենեսանս

Աներես

Արթնացում

Հեքիաթ

Ծով ծիրանի

Այստեղ կմնամ

Limbo

Քեզ օգնիր

Ունկնդրել

Ethnic-Methnic

Դոգման հայկական ռոքի ամենայուրատեսակ խմբերից մեկն է, որ առանձնանում է ծանր մետալային դռայվի և էթնիկ հայկական հնչերանգների յուրահատուկ համադրությամբ։ Խումբը դեռևս 1990-ականներին հայտնի MDP խմբի «իրավահաջորդն» է, որտեղից էլ խմբի ծանր մետալային գործիքակազմը, որ Ջեթրո Թալ խմբի հիմնադիր Իըն Անդերսոնի կողմից «զանգվածային ոչնչացման զենք» բնորոշումն է ստացել։ 

Դոգմայի առաջին ստուդիական ալբոմը՝ «Էթնիկ-մեթնիկ»-ը, ձայնագրվել է 2009-ին Vibrographus ստուդիայում: Ալբոմի ձայնագրման ընթացքում աշխատել է խմբի հետևյալ կազմը՝ Զառա Գևորգյան (վոկալ), Հենո Գրիգորյան (կիթառներ), Վարդան Գրիգորյան (բաս-կիթառ, ստեղնաշարայիններ), Դերիկ Վարդումյան (հարվածային գործիքներ, վոկալ)։ 

Երաժշտության հեղինակն է Հենո Գրիգորյանը, տեքստերի հեղինակը Զառա Գևորգյանն է  (բացառությամբ «Հարսը» երգի, որի տեքստի հեղինակն է Վիոլետ Գրիգորյանը)։ Միքս և մասթերինգը՝ Սերժ Մելքոնյանի։ Ալբոմի շապիկի  նկարը և դիզայնը՝ Վահան Ստեփանյանի։

Անվանումն արդեն մատնում է ալբոմի ֆոլկլորահեն և միաժամանակ՝ հեգնական բնույթը: Առաջին երգի առաջին իսկ տողով հաստատվում է ինքն իր հանդեպ թեթև և անգամ ծաղրական վերաբերմունքը, որ հակադրվում է մեզանում արմատավորված ինքնապաշտ պաթոսին. «Գուլպայիս ծակը՝ մեծ. կարելու ժամանակ չկա»:  Հաջորդ երգերից մեկում բառացի կոչ կա. «Հեգնի՛ր ինձ»: Երգերի մեծ մասը խաղարկում է մեզանում կայացած, գուցե դարերով կարծրացած կենցաղածիսակարգային մոդելները աղջիկ-տղա, հարս-փեսա, նշանդրեք-հարսանիք, ազգական-խնամի համատեքստում: Կուլմինացիան թերևս «Խոսկապ» երգն է, որտեղ աղջկա ազգուտակը մտահոգված է, թե որքանով արժանի մարդ է փեսացուն, և որոշիչ դերը պիտի խաղա նշանի մատանին. «սպիտակ ոսկո՞ւց է, թե՞ արծաթից»: Երգչուհի Զառա Գևորգյանի տեքստերը աչքի են ընկնում խոսակցական և  գրական հայերենի  հազվադեպ օրգանական միացությամբ: Արդեն նշված առաջին երգը  աղջկական սիրախաղի նմանակում է և օգտագործում է ժողովրդի ծոցից դուրս թռած բառախաղեր, սրամիտ ռիթմիկ հանգախաղեր. «սո՛ւս արա, փո՛ւս արա», «ա՛խ արա, վա՛խ արա», «քո սազին կսազեմ» «մազերս, նազերս շաղ տամ, պար կգամ»… Պատահական չէ, որ երգն այդպես էլ կոչվում է՝ «Խաղերս»: Առկա են նաև լեզվական նեոլոգիզմներ, որ գուցե և միջին գրագետ խմբագիրը ջնջեր՝ ասելով «սա հայերեն չի» («Ես քեզանոտ եմ, դու ինձանոտ ես»): Սակայն հենց դրանք են հաղորդում Դոգմայի ոճական համուհոտը՝ հայկական ռոքում գրեթե աննախադեպ ֆոլկլորային, բայց ոչ վուլգար պոետիզմը:   

 

     Վոկալը ալբոմում ներկայացված է մեծ մասամբ միաձայն, բայց ավանդական ձայնակցումների փոխարեն այն միաձուլված է կիթառների բազմաշերտ հյուսվածքներին՝ երբեմն ունիսոն,  երբեմն հետերոֆոնիկ, երբեմն պոլիֆոնիկ շարադրանքով: Մեղեդիները ծավալվում են լայն դիապազոնում, հոսում-կարկաչում են որպես կիթառային ելևէջներից բխող վոկալիզներ: Յուրաքանչյուր երգում ձայնագրված է առվազն 4-5 կիթառի պարտիա` տարբեր տեմբրերով, տարբեր ինտենսիվությամբ, սակայն չկան ավանդական «սոլոներ»: Բոլոր նվագամասերը միահամուռ բազմաշերտ կերտվածքի մաս են: Թեմաների համատեղման ամենահամով օրինակը «Արթնացում» երգի կոդան է, երբ հայտնվում է բասային նոր ռիֆը փռյուգիական մաժոր լադում (հարմոնիկ մինոր 5-րդ աստիճանից), որին ավելանում է կիթառի մեղեդին՝ այդ լադի «արևելյան» կիսատոների շեշտավորմամբ, և նրանց վերևում խոյանում է կրկներգի վոկալ թեման: Եւ այս ամենը` հարվածայինների անշեղորեն մխած  4/4 backbeat-ի  ուղեկցությամբ: 4/4 չափը գերիշխողն է ալբոմում, սակայն հաճախ են նաև վարիացիաները՝ 8/8 (3+3+2) և այսպես կոչված «հայկական շաֆլ»-ը` 12/8-ի տեսքով:

Երգացանկ

  1. Խաղերս (My Games)
  2. Հարսը (Bride)
  3. Վերածնունդ (Renaissance)
  4. Աներես (Impudent)
  5. Արթնացում (Awakening)
  6. Հեքիաթ (Fairytale)
  7. Ծով ծիրանի (Apricot Sea)
  8. Խոսկապ (Matchmaking)
  9. Այստեղ կմնամ (I’ll Stay Here)
  10. Limbo
  11. Քեզ օգնիր (Help Yourself)
Խումբ
Ժանր
Թողարկման ամսաթիվ
December 27, 2009