Ազատագրելով հայկականը․ Rozen Tal-ի «Մեղա ողորմեա» նոր սինգլը

Արթուր Աթայան

Բոլորովին վերջերս հայկական Rozen Tal խումբը որպես «live video» թողարկեց «Մեղա ողորմեա» կոչվող գործի համերգային տարբերակը: Այն վերցված էր 2022թ. սեպտեմբերին «Civilnet» հեռուստատեսության կողմից «Live for Independence» (համերգ անկախության համար) խորագրով համերգից, որը նկարահանվել էր «Այրարատ» կինոթատրոնի դահլիճում: Մեսրոպ Մաշտոցից մեզ հասած աղոթքի հիման վրա ստեղծված «Մեղա ողորմեա»ն Rozen Tal-ենք որպես սինգլ թողարկեցին գալիք համերգային ալբոմին ընդառաջ, որն արդեն հասանելի է բոլոր սթրիմինգային հարթակներում։ Rozen Tal-ի այս ռելիզը հայկական երաժշտության մեջ նոր շրջադարձների սիմպտոմ է, և շատ-շատ կարևոր է երկու պատճառով:

 

 

Առաջինը՝ խումբը, ավելի ու ավելի մեծ ճանաչում ձեռք բերելով, չի վախենում բավականին ծանր նվագելուց: Սա, իրոք, մեծ հաղթանակ է հայկական ռոքի համար: Վերջապես Հայաստանում սկսեց կոտրվել ծանր երաժշտության հանդեպ ֆոբիայի հասնող վախը. երաժիշտներն ու նրանց երկրպագուները սկսում են հասկանալ, որ ձայնի ծանրությունն ու կիթառի distortion-ը ինքնին չի նշանակում «վախենալու ձայներ», երկար մազեր ու կաշվե տաբատներ, ագրեսիվ վարք և աղմկոտ մոտոցիկլ: Եկեք վերջապես խոստովանենք՝ ձայնի ծանրությունը երաժշտական ֆանտաստիկ արտահայտչամիջոց է, այն օգնում է մեզ լիցքաթափվել, մաքրում է մեզ աֆեկտներից (չզարմանաք, բայց նմանատիպ բան նույնիսկ Արիստոտելն է ասել), և դրա շնորհիվ հնարավոր է դառնում լիքը շատ կարևոր ասելիք հասցնել ունկնդրին:

Երկրորդը պատճառը, կարծում եմ, էլ ավելի կարևոր է։ Վերջին երկու տարվա ընթացքում խումբն անսպասելի շրջադարձ է կատարել դեպի հայերեն տեքստեր ու, առհասարակ, հայկական մշակույթ:

 Rozen Tal-ի հին երկրպագուները կհաստատեն, որ խումբը տարիներ շարունակ անգլերեն է երգել. այդպիսին էր տեքստերի հեղինակ, երգիչ ու կիթառահար Արմեն Եդիգարյանի պոետիկ մտածելակերպը: Կարծես, եթե երաժշտությունդ 70-ականների պրոգրեսիվի և ժամանակակից հարդ ռոքի խառնուրդ է, այլ կերպ չի էլ ստացվի. տեքստերն ուղղակի ուզում են անգլերեն գրվել:

 

Հարկ է նշել, որ մեր իրականությունում «դեպի հայկականը շրջվելը» ցավալիորեն հաճախ ընկալվում է կա՛մ որպես տասնամյակներով կարծրացած երաժշտական ձևերի մեխանիկական կրկնություն, կա՛մ էլ որպես ազգային երգերի նույնանման կատարումներ՝ լցված մակերեսային ռազմահայրենասիրական պաթոսով: Սակայն Rozen Tal-ի պարագայում այս շրջադարձը հնարավոր էր հայերեն խոսքի ու հայկական երաժշտության միայն իսկական ու խորը վերաիմաստավորման միջոցով: Այն հնարավոր է դառնում, եթե երաժիշտը կարողանում է հրաժարվել բոլոր կարծրատիպերից, մինչև այդ պահն արված նման բոլոր փորձերից ու սկսում է զրոյից՝ անաղճատ հայացքով: Սրա արդյունքում ծնվում են գործեր, որոնք շատ նոր ու թարմ են հնչում, երբեմն՝ շատ արտասովոր, որոշ մարդկանց համար՝ գուցե շոկային:

Սակայն, հենց այս նոր հայացքի շնորհիվ ինչ-որ անբացատրելի ու անորսալի մակարդակում շվեդական Meshuggah-ի էքստրեմալ ռիֆերին խառնված Մաշտոցի խոսքն ու կոպալ դհոլն անսպասելիորեն ազատագրում են լսողին: Ազատագրում են հայկականը սիրելու ռազմահայրենասիրական պարտադրանքից, որը մեր հասարակության մեջ սովորաբար մանկապարտեզից սկսած պարուրում է ցանկացած մարդու: Ազատագրում են հայկականի դեմ ըմբոստությունից, որը, ցավոք սրտի, որոշ մարդկանց ուղղակի վանում է հայկական մշակույթից: Ամենակարևորը` ազատագրում են հայկականը վերաիմաստավորելու, հայկականը նորովի հասկանալու սրբազան արգելքից: Այս ամենից ազատագրվելով՝ ունկնդիրը վերջապես հնարավորություն է ստանում զրոյական, մաքուր հայացքով նայելու հայկականին, առանց դրա հետ նախկինում կապվող բազմաթիվ դրական ու բացասական ասոցիացիաների:

 

Եվ այս գործերը հարազատ են դառնում: Նույն կերպ, ինչպես դպրոցական տարիներին ստիպողաբար անգիր սովորած բանաստեղծությունները հանկարծ այդքան սիրելի դարձան The Deenjes-ի շնորհիվ: Ինչպես Կոմիտասն ու Հայրիկ Մուրադյանը մեր առօրյա վերադարձան Բամբիռի ու Կաթիլի շնորհիվ: Ինչպես ժողովրդական մոտիվները խուճուճ հյուսվածքներ դարձան Դոգմայի գործերում:

Սակայն Rozen Tal-ենք շարժվում են իրենց ուրույն ու շատ տարբեր մի ուղով. մենք միայն կարող ենք հույս հայտնել, որ կենդանի ալբոմին վերջապես կհետևի առաջին լիաֆորմատ ալբոմը ու, իհարկե, որ խումբը նույնքան խիզախությամբ կշարունակի նոր երաժշտություն ստեղծել: Եվ ամենակարևորը հենց սա է, որովետև հենց այսպիսի երաժիշտների շնորհիվ մենք այսօր ունենք իրոք բազմազան ու հարուստ երաժշտական բեմ:

Հեղինակ՝ Արթուր Աթայան