«Դոգմա»` 15. առանց նահանջելու
Էրիկ Ալոյան
Երեկ հայկական ռոքի ամենաիսկական վետերանների` Դոգմայի առաջին համերգի 15 ամյակն էր։ Համերգից հետո Ջեֆֆի հետ խոսում էինք, ասաց. «Հլը հաշվեք՝ 15 տարի առաջ փետրվարի 29-ը ի՞նչ օր էր… շաբաթվա չէ, էլի»։ Մտածեցինք երկար ու ձիգ, մեծ դժվարությամբ 2023-ից հանեցինք 15 ու ստացանք 2008։ 2008թ.-ի փետրվարի 29-ը 2008թ.-ի մարտի 1-ի նախորդ օրն էր։ Չեմ հիշում որտեղ կարդացի արդեն էսօր մարտի 1-ին՝ «15 տարի առաջ էս օրը Արցախի հանձնումը հետաձգվեց 13 տարով»։ Երեկվա Դոգմայի ելույթը ապացույց էր, որ մեր մեջ դեռ ապրում է չհանձնող ու չհանձնվող տեսակը, էն տեսակը, որ 15 տարի առաջ սկսեց ու մինչև հիմա շարունակում է մեր մեջ ուժ, հույս ու հայրենասիրություն սերմանել։
Ուժ, հույս ու հայրենասիրություն ոչ թե ծեծված պաթոսառատ իմաստներով, այլ փաստավոր, գործնական, տեսանելի ու շոշափելի։
Երեկվա համերգի համար ընտրված երգերը՝ «Ես եմ», «Սպասում», «Ավազե հովազ», «Նանե», «Արթնացում», «Ո՞վ է տեսել» «Գարուն», «Հողը» ու «Մեր լեռները»։ Դոգման մեր ազգի մասին է պատմում ու տալիս «փրկության բանաձևը»՝ շատ կոնկրետ, քայլ առ քայլ։ Ոչ թե միայն բառերով ու երաժշտությամբ, այլ նաև խմբի անդադար աշխատանքով՝ մեր ու մեր երկրի համար մի լավ բան անելու, կարևոր մի բան ստեղծելու, մեր եղածը պահելու ու ավելի զարգացնելու համար։ Դոգման ու իր գաղափարակից-գործակիցները գտել են ճիշտ ձևը հայրենիք ու ազգ սիրելու՝ լուռ գործ անել, առանց ավելորդությունների, առանց ինչ-որ մեկից ինչ-որ բան սպասելու, գործն անել առանց նահանջելու՝ հանուն գաղափարի։
Հեղինակ՝ Էրիկ Ալոյան
Լուսանկարները՝ Դավիթ Ջոթյան