Oaksenham

Օքսենհէմ (Oaksenham) պրոգրեսիվ ռոք խումբը ձևավորվել է 2001թ․-ին Երևանում` որպես 90-ականներին հանդես եկող Dumbarton Oaks խմբի իրավահաջորդ (անվանման տառադարձումը հատուկ սխալ է՝ այդ կապը ընդգծելու համար): Հիմնադիրներն են բաս կիթառահար Վահագն Պապայանը և թմբկահար Աշոտ Կորգանյանը: Վերջինս հայտնի է նաև իր ելույթներով Strangers և Բամբիռ-2 խմբերում։ Աստիճանաբար նրանց միացան Վալերի Տոլստովը (ֆլեյտա և ստեղնաշարայիններ), Վարդան Գասպարյանը (կիթառ), Աննա Ադամյանը (ստեղնաշարայիններ), Կորյուն Բոբիկյանը (ջութակ): Գրեթե բոլորը ակադեմիական կրթություն ունեցող երաժիշտներ են, ինչն էլ պայմանավորում է խմբի՝ երաժշտության մատուցման խիստ դասական մոտեցումները: Ինչպես երևում է կազմից, ստեղծագործությունները զուտ գործիքային են:

Շարունակելով բրիտանական պրոգրեսիվ ռոքի ավանդույթները՝ խումբը հետևողականորեն համադրում է ռոք հնչողությունը և սիմֆոնիկ մտածողության ու ձևակազմության սկզբունքները: Մասնագետները նշել են Gentle Giant, Jethro Tull, Focus խմբերի ազդեցությունը: Սիմֆոնիկ հնչողության հանդեպ սերը առավել արտացոլվեց 2004թ. մարտին «Բիթլզ-Ֆանտազիա» հնգամաս սյուիտի ներկայացմամբ՝ գրված ռոք խմբի և փայտյա փողային կվինտետի համար:

Նույն տարի՝ ամռանը, այդ նույն կվինտետի երաժիշտները հրավիրվեցին Օքսենհեմի առաջին ստուդիական ալբոմի ձայնագրությանը: Ավելացան նաև տավիղ և թավջութակ: Ալբոմը թողարկվեց ֆրանսիական Musea լեյբլի կողմից և լայն արձագանք գտավ պրոգրեսիվ ռոքի մասնագիտացած ամսագրերում ԱՄՆ-ում և Եվրոպայում:

Ալբոմի ձայնագրությունից հետո Աննա Ադամյանը մեկնեց Ռուսաստան՝ մշտական բնակության, իսկ Վալերի Տոլստովը Շվեյցարիա՝ ուսումը շարունակելու: Այնտեղ նա հիմնեց Authentic Light Orchestra էթնո-ջազ խումբը, որը առ այսօր շրջագայում է հայկական ժողովրդական մեղեդիների սեփական մշակումների երգացանկով: Օքսենհեմը համալրեց երիտասարդ կոմպոզիտոր և դաշնակահար Վարդան Հարությունյանը, ում ստեղծագործական մտահղացումները թարմ շունչ և նոր ուժ հաղորդեցին խմբի ոճական զինանոցին: 2010 թվականին ջութակահար Կորյուն Բոբիկյանը մեկնեց ԱՄՆ՝ մշտական բնակության: Նրան փոխարինեց դեռ Dumbarton Oaks-ի ժամանակներից մտերիմ Արամ Ասատրյանը, որը նաև Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխկոնցերտմայստերն է:

Այս կազմով խումբը ձայնագրեց իր երկրորդ ալբոմը «Upon All the Living and the Dead»՝ երգչուհի Շուշան Պետրոսյանի ֆինանսական հովանավորությամբ և մասնակցությամբ: Ի տարբերություն առաջին՝ լրիվ գործիքային ալբոմի, այս մեկում տեղ գտան երկու երգ՝ «Ձյուն» (հեղինակ՝ Վարդան Գասպարյան) և «Մուսա» (հեղինակ՝ Վահագն Պապայան): Հին բարեկամ Musea լեյբլը պատրաստ էր թողարկել ալբոմը, սակայն թողարկման ձևաչափի և պայմաննների շուրջ խմբի անդամների միջև ծագած տարաձայնությունների պատճառով ալբոմը երկար ժամանակ մնաց դարակում և թողարկվեց թվային ձևաչափով միայն 2017 թվականին:

Այդ ամբողջ ընթացքում խումբը փաստացի դադարեցրել էր գործունեությունը և միայն 2019 թվականի սեպտեմբերին վերամիավորվեց վերջին կազմով՝ «Armenia in Rock» փառատոնի շրջանակում ելույթի առիթով: