The Bambir
Եթե շատերի մոտ «բամբիռ» բառն ասոցացվում է բամբիռ երաժշտական գործիքի հետ, որը, ի դեպ, թավջութակ հիշեցնող հին նվագարան է, ապա ռոքի սիրահարների շրջանում այն նաև ասոցացվում է հայկական ռոք խմբի հետ, որը կազմավորվել է 1978 թվականին Գյումրիում։ Նախկին ԽՍՀՄ-ում ռոքնռոլի շարժման վաղ ռահվիրաներ Գագիկն ու իր ընկերները 1970-ականների սկզբին հիմնել են «Անգին Քարեր» խումբը, որը հենց դարձել է «Բամբիռ» խմբի նախատիպը: Նորաստեղծ խմբի կատարումները լսելուց հետո քանդակագործ Զավեն Կոշտոյանը խումբը կոչեց «Բամբիռ»: Քանի որ Բարսեղյանն ու իր ընկերները հաճախ նվագում էին Rolling Stones խմբի երգերից, նրանց երկրպագուները սկսեցին Գագիկին անվանել «Ջագ»՝ Rolling Stones-ի հայտնի մենակատար Միք Ջագերի պատվին։ Ե՛վ Ջագը, և՛ «Բամբիռ»-ը Խորհրդային Միությունում ճանաչված դարձան 1970-ականների և 1980-ականների վերջերին և հայտնի էին հայկական միջնադարյան և ժողովրդական երաժշտության ուրույն մեկնաբանությամբ, իրենց յուրօրինակ ստեղծագործություններով, որոնք հաճախ աչքի են ընկնում գործիքային բազմազանությամբ, լադային յուրահատկությամբ։ 1982 թվականին Բելառուսում անցկացված միջազգային փառատոնում խումբը արժանացավ «Լավագույն ֆոլկ-ռոք խումբ» կոչմանը: Խմբի սկզբնական կազմի անդամներն էին Գագիկ Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա) և Թաթուլ Եղիազարյանը (ջութակ)։ Ավելի ուշ՝ արդեն 2000-ականներին, Գագիկ Բարսեղյանը ռոք բենդի էստաֆետը փոխանցում է իր որդի Նարեկին (վոկալ, կիթառ) և վերջինիս ընկերներ Արիկ Գրիգորյանին (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյանին (բաս կիթառ, «Անգին Քարեր» խմբից Ռոբերտ Քոչարյանի որդին) և Աշոտ Կորգանյանին (հարվածային գործիքներ): 2007 թվականին Աշոտը լքում է խումբը, և նրան փոխարինելու է գալիս Վարդան Փարեմուզյանը։ Տղաները շուտով խումբը վերանվանում են The Bambir, իսկ Գագիկ Բարսեղյանը սկսում է հանդես գալ բեմական կեղծանունով՝ Ջագ Բամբիռ։ Երկու «Բամբիռ»-ները իրենց 43-ամյա գործունեության շրջանում թողարկել են շուրջ 10 ալբոմ, որոնցից վերջինը՝ «Գժի հարսանիք»-ը լույս է տեսել 2020 թվականին։ «Բամբիռ»-ի նոր սերունդը թողարկել է նաև մի շարք սինգլներ, որոնց շարքում են Urbane, Do you love me, «Էրկու կես» երգերը։ Հատկանշական է, որ խմբի անդամները հատուկ ակնածանք են տածում իռլանդական մշակույթի հանդեպ։ 2012-13 թվականներին «Բամբիռ»-ը եղել է Իռլանդիայում, մասնակցել շուրջ 150 երաժշտական միջոցառումների, 12 փառատոնների, որոնց թվում՝ հեղինակավոր Electric Picnic-ին։ Խմբի մենակատար Նարեկ Բարսը նշում է, որ Իռլանդիան իր հիշողություններում դրոշմվել է դեռևս մանկությունից, երբ տանը տեսել էր Irish Fairy Tales գիրքը։ Իռլանդիայում բոլորը երգում են, նվագում, քանի որ գիտեն, որ իրենց ազգի պահպանման միակ հենասյունը հենց երաժշտությունն է։ Հետաքրքիր են նաև Հայաստանի և Իռլանդիայի նմանությունները՝ սկսած փոքր ազգ լինելուց, աշխարհաքաղաքական խնդիրներից և ավարտած երաժշտության մեղեդայնությամբ։ «Բամբիռ»-ը հայկական ինքնատիպ ֆոլկ-ռոք խումբ է, որը, միավորելով մի շարք ազգերի երաժշտական տարրերը (հայկական, կելտական ևն), ստեղծել է և շարունակում է ստեղծել յուրակերպ երաժշտական ժառանգություն, որը բացառիկ հետագիծ է թողել ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային ռոքի պատմության մեջ։