Vostan Hayots
«Ոստան Հայոց» ռոք խումբը հայկական ռոք երաժշտության «երրորդ ալիքի» ներկայացուցիչներից մեկն է։ Խումբը հիմնադրվել է 1986 թվականին՝ ռեժիսոր, կոմպոզիտոր, բաս կիթառահար լուսահոգի Արեգ Նազարյանի (1964-2019) կողմից։ Կարճ ժամանակում խումբը մեծ ճանաչում ունեցավ Հայաստանում և դարձավ 1980-ականների ազգային-ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկը։ «Ոստան Հայոց»-ի երաժշտության հիմքում ընկած է հայկական ժողովրդական երաժշտական մտածողությունը։ Վերջինիս համադրությունը հարդ ռոքին բնորոշ հագեցած գործիքային հնչողության ու արտ-ռոքի տարրերի հետ հիմք դրեց հայկական երաժշտության մի նոր ալիքի։ Խմբի առաջին կազմում էին Արեգ Նազարյանը` բաս կիթառ, վոկալ, Յոհան Կոստանին (Հովհաննես Կուրղինյան)` վոկալ, Մկրտիչ Բաբայանը՝ ստեղնաշարային գործիքներ, Վարուժան Ուղուրլյանը՝ կիթառ, Աշոտ Ղադյանը՝ հարվածային գործիքներ։ Հետագայում Մկրտիչ Բաբայանին փոխարինեց Վահե Խաչատրյանը։ Գործունեության առաջին իսկ տարիներից խումբն ակտիվ համերգային գործունեություն է ծավալել Հայաստանի ամբողջ տարածքում, մասնակցել է մի շարք ռոք փառատոնների, որոնց շարքում հատկանշական են Հեծանվահրապարակի (1987), Սիսիանի (1992-93), «Գաուդեամուս» (1994-96թ.) փառատոնները, խմբի մի շարք համերգները Երևանում, Ստեփանակերտում և այլուր։ 1992-94 թվականներին ձևավորվեց խմբի հիմնական կազմը` Արեգ Նազարյան` բաս կիթառ, վոկալ, Յոհան Կոստանի (Հ. Կուրղինյան)` վոկալ, Դավիթ Մուշեղյան` կիթառ, ակուստիկ կիթառ, վոկալ, և Լևոն Հախվերդյան` հարվածային գործիքներ։ Իր 35-ամյա գործունեության ընթացքում խումբը թողարկել է մի շարք սինգլներ ու տեսահոլովակներ, երկու ստուդիական ալբոմ՝ «Զարթի՛ր, Որդյակ» (1989) և «Քիմերներ» (1996), որոնք լայն ճանաչում են ձեռք բերել ոչ միայն հայաստանաբնակ երաժշտասերների, այլև բազմաթիվ պրոֆեսիոնալների շրջանում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ 2019թ․ մարտի 13-ին՝ խմբի բաս կիթառահար Արեգ Նազարյանի անժամանակ մահից հետո, խմբի համերգային գործունեությունը որոշակի դադար առավ։ Սակայն Հայկական Ռոք Ասոցիացիայի կողմից 2019 ամռանը կազմակերպված «Armenia In Rock» փառատոնին «Ոստան Հայոց» խումբը նոր կազմով բեմ բարձրացավ (բաս կիթառ` Սահակ Ղազարյան, կիթառ` Նարեկ Կուրղինյան) և իր ելույթը նվիրեց Արեգ Նազարյանի հիշատակին։ Այժմ խումբը զբաղված է նոր ալբոմի ստեղծման գործընթացով, բացի այդ, խմբի երկու անդամները` Դավիթ Մուշեղյանն ու Հովհաննես Կուրղինյանը, շարունակում են խմբի երաժշտությունը ներկայացնել հանրությանը «ID Project»-ի տեսքով՝ Vostan Hayots Unplugged ձևաչափով։