Զարթի՛ր, որդյակ
«Զարթի՛ր, որդյակ»-ը Ոստան Հայոց խմբի առաջին ստուդիական ալբոմն է․ թողարկվել է 1989 թվականին «Ազգային հնչյուն» ստուդիայում՝ Թովմաս Բադալյանի նախաձեռնությամբ և տեխնիկական աջակցությամբ։ Ալբոմի ձայնագրման ընթացքում աշխատել է խմբի հետևյալ կազմը՝ Արեգ Նազարյան (բաս-կիթառ, վոկալ), Յոհան Կոստանի (Հովհաննես Կուրղինյան) (վոկալ), Վահե Խաչատրյան (ստեղնաշարային գործիքներ), Վարուժան Ուղուրլյան (կիթառ):
Ալբոմում տեղ գտած գրեթե բոլոր գործերը հայկական ժողովրդական երգերի մշակումներ են․ բացառություն է «1988» երգը (երաժշտություն՝ Արեգ Նազարյան, խոսքեր՝ Արեգ Նազարյան, Յոհան Կոստանի): Հետագայում «Եփրատ» ստեղծագործության համար նոր տեքստ է գրվել Յոհան Կոստանիի կողմից․ երգը վերանվանվել է «Արիական աղոթք»։
Հայկական ժողովրդական մեղեդիների համադրությունը հարդ ռոքին բնորոշ գործիքային հնչողությանը լավագույնս արտահայտում է ալբոմի գաղափարական բովանդակությունը․ Արցախյան պատերազմի, 1980-ականների ազգային-ազատագրական շարժման կենտրոնում գտնվող խմբի առաջին ալբոմի բովանդակային առանցքում հայրենիք գաղափարն է՝ խաղաղ գյուղական կյանքի նկարագրությունից մինչև արմենական արժանապատվության ու պայքարի կոչ։ Ցավոք, ստեղծագործություններում արծարծված թեմաներն ու գաղափարն այժմ էլ առավել քան արդիական են, հնչող կոչերը՝ կենսական։
Երգացանկ
- Գողթնի քնարք
- Եփրատ/Արիական աղոթք
- Արցախ, լսիր
- Մշո գորանի
- 1988
- Հայ քաջեր
- Վասպուրական
- Զարթի՛ր, որդյակ