«2 էռնեկ՝ 1 տեղ»․Բամբիռ + Լավ էլի ՝«Ռոսիա» կինոթատրոնում

Ամալի Խաչատրյան

Ուրբաթ 13-ի երեկոյան, կարծես, երկուսի փոխարեն երեք «էռնեկ» էր սպասվում ռոքասերներին. նույն բեմում են՝ Բամբիռ եւ Լավ էլի խմբերը, բայց ոչ թե ակումբում կամ բացօթյա բեմահարթակներում, այլ «Ռոսիա» (Այրարատ) նախկին կինոթատրոնի դահլիճում:

 

«Տարածք, որի մասին բոլորս գիտեինք, բայց ոչ ոք չէր եղել»,- դիմելով հանդիսատեսին՝ ասում է Բամբիռ խմբի վոկալիստ, կիթառահար Նարեկ Բարսեղյանը։

 

Համերգի ամբողջ ընթացքում մի քանի անգամ նույն նախադասությունը կրկնում են Լավ էլիի ու Բամբիռի վոկալիստները՝ անչափ ուրախ են, որ երեւանյան համերգը «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճում է տեղի ունենում։ Հայաստանյան ռոք խմբերից նրանք առաջինն են այստեղ նվագում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կինոթատրոնի դահլիճն այսքան մարդաշատ երբեւէ չէր եղել։

 

Ընդամենն ինը օրում՝ համերգից մեկ օր առաջ տոմսերն արդեն սպառվել էին։ 1200 մուտքի տոմս է վաճառվել․երբեմնի շքեղ կինոդահլիճում այժմ նստատեղերի փոխարեն բետոնե աստիճանահարթակներն են մնացել։

Բամբիռի ու Լավ էլիի երկրպագուները «միաձուլվել» են. երկու խմբերի կատարումների ժամանակ նույն մարդիկ երգում ու պարում են՝ հավասարապես։

Երկու խմբերը բարձրանում են բեմ, հնչում են Բամբիռենց «Արեւ է ելել» երգի հնչյուններն, ապա կտրուկ անցում է կատարվում Լավ էլիի «Ջահել ազատության երգը»-ին։

 

Մի քանի երգ հանդիսատեսը նստած է վայելում, բայց հերիք է Լավ էլին կատարեր՝ «Աղջիկները խելք չունեն» երգը, դահլիճի 90 %-ը ոտքի է կանգնում, սկսում թռվռալ, պարել ու ձայնակցել Մհեր Մանուկյանին։ Նույն մթնոլորտում շարունակում է Բամբիռը՝ «Կիկոսի մահը» երգով (անունը Կիկո՜ս, գդակը պոպո՜զ…)։

 

Բամբիռի ու Լավ էլիի երկրպագուները «միաձուլվել» են. երկու խմբերի կատարումների ժամանակ նույն մարդիկ երգում ու պարում են՝ հավասարապես։

 

Այս համագործակցությունը դեռ մեկ տարի առաջ էին պլանավորում: Մանրամասների մասին համերգից առաջ մեզ հետ զրույցում պատում է Լավ էլիի կիթառահար եւ վոկալիստ Մհեր Մանուկյանը։

«Մի օր հասկացանք, որ երկար ժամանակ Բամբիռի հետ ելույթ չենք ունեցել. մենք իրար շատ վաղուց գիտենք, 90-ականներին երբ առաջին անգամ միասին նույն բեմում էինք, Բամբիռի անդամները դեռ երեխա էին։ Մեր խմբի անդամներից մի քանիսով մեքենայի մեջ էինք քննարկում այս թեման, երբ որոշեցինք անմիջապես զանգել Նարեկին։ Պատմեցինք միասին հանդես գալու գաղափարի մասին ու միանգամից ստացանք պատասխանը՝ շատ լավ միտք է»։

Սկզբում նպատակ ունեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգը կազմակերպել․ մոտիվացիան հետեւյալն էր՝ վերջին տարիներին տեղական ոչ մի ռոք-խումբ համալիրը դեռեւս չի լցրել։ Արդեն սկսել էին փորձերը, երբ պատահականորեն իմանում են այս «խենթ կառույցի» մասին, այցելում են ու առաջին վայրկյաններից հավանում են դահլիճն ու կանգ առնում։

«Հայաստանում ռոք խմբերն ունեն ելույթ ունենալու տեղի խնդիր, ռոք դահլիճներ, կարելի է ասել, չկան Հայաստանում, իսկ «Ռոսիա» կինոթատրոնի փոքր դահլիճն այն տեղն է, որ հնարավոր է վերածել ռոք դահլիճի։ Շատ հետաքրքիր համադրություն է․ եւ՛ անցյալ կա, եւ՛ անցյալ չկա, բայց տպավորություն է, որ ինչ-որ նոր բան պետք է սկսվի»,-ասում է Մհերը։

«2 էռնեկ՝ 1 տեղ» անվանումը տարածքի նման կրկին պատահական է ընտրվել։ Երբ սկսել էին համատեղ մի քանի փորձ անել, Facebook-ում տեսանյութեր են հրապարակում ու տեղեկացնում համերգի մասին։ Ամենահաճախ կրկնվող մեկնաբանությունը հենց այս արտահայտությունն էր՝ «2 էռնեկ՝ 1 տեղ»։ Մհերը խոստովանում է՝ գուցե անվանման մեջ մի քիչ ինքնագոհություն կա, բայց միեւնույն է՝ շատ էին հավանել, չէին կարող չընտրել։

Միասին շատ հեշտ են աշխատել, մեզ հետ զրուցում Նարեկն է պատմում, հիմա էլ, կարծես, հավեսի են ընկել ու ապագայում ուզում են շարունակել համագործակցելը։ Երեւանյան համերգից հետո միասին հանդես կգան նաեւ Վանաձորում՝ սեպտեմբերի 20-ին, Գյումրիում՝ 21-ին, իսկ ապագայում գուցե այս նախագիծը նաեւ Հայաստանի սահմաններից դուրս տանեն։


Հույս ունեն, որ այս դահլիճ կրկին կվերադառնան, ըստ Նարեկի, սա սովետական ճարտարապետության շեդեւռ է, վստահ է՝ այստեղ դեռ շատ խմբեր են ելույթ ունենալու եւ այն ակտիվորեն օգտագործվելու է։

 

Համերգի ընթացքում Նարեկը նախկին կինոթատրոնի կառույցը համեմատում է իրենց «Դղյակ» երգի հետ ու խումբը սկսում է կատարել այն։ «2 էռնեկ՝ 1 տեղ» միջոցառմանը հնչում են խմբերի հին ու նոր երգերը, Լավ էլին «Անձրեւաշուն» նոր ալբոմից է երգեր ներկայացնում, Բամբիռն իր նոր «Ծով» երգն է կատարում… Տարբեր կազմերով անընդհատ մեկը մյուսի երգերի մեջ է ներգրավվում, նոր գործիքներ են ավելացնելում իրար երգերին, մի քանի երգ էլ միասին են կատարում։


Երկու ժամ անց համերգը մոտենում է ավարտին, լրիվ ռոք համերգ է՝ բոլորը կանգնած են, պարում ու ռիթմով շարժում գլուխները։ (Քո՜ աչքերը, ինձ դարձրել են խելագա՜ր…). վերջապես երկար սպասված Լավ էլիի «Քո աչքերը» երգն է սկսում, դահլիճում ոգեւորությունն արդեն թեժացել է․բոլորը բառերը գիտեն, անսխալ երգում են Մհերի հետ։ Շարունակում ու համերգը վերջացնում է Բամբիռը՝ «Եկեք երգենք հենց այնպես» (արեք երգենք, արեք երգենք, արեք երգենք, այսօր հենց այնպե՜ս…):

 
 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Աղբյուրը՝ Mediamax.am