Երազանքից՝ ի գործ — «Armenia in Rock» փառատոնի մասին

Վարդան Գրիգորյան

Արդեն 10 օր անցելա փառատոնից, բայց չէի կարողանում մտքերս հավաքել, կենտրոնանալ ու գրել, թե ոնց եղավ էս ամենը ու ինչի համար….

 

Մի քանի ամիս առաջ ես իմ ամենամոտ ընկերներին (DOGMA-ին նկատի ունեմ) պատմեցի իմ վճռական որոշման մասին՝ այն է պատմել համայն աշխարհին մեր հայկական ռոք խմբերի մասին, պատմել դա վավերագրական ֆիլմի տեսքով, որ մնայուն մի բան կլինի, որը ճիշտ ու պրոֆեսիոնալ արված պատմություն կլինի «առաջին ձեռքից»: Դրա համար որոշեցի համախմբել և վերակենդանացնել հայաստանում ռոքի մասնատված և տարերային ասպարեզը: Անհրաժեշտ էր մի գաղափարի շուրջ հավաքել ռոք երաժիշտներին, որն էլ դարձավ «Armenia in Rock» փառատոնը: Ես չէի ուզում, որ այս փառատոնը լինի «հանուն» ինչ-որ բանի կամ ինչ-որ բանի «դեմ»: Ես ուզում էի, որ սա լինի ռոքը հանուն ռոքի, երաժշտությունը հանուն երաժշտության, երաժշտի ու ունկնդրի համար իրական տոն ստեղծող փառատոն՝ նման այն բոլոր փառատոններին, որոնք տեղի են ունենում արտերկրում, և որոնց մենք հեռվից նայում ենք նախանձով ու կարոտով. իսկ ինչու՞մենք չունենք տարվա մեջ այն մեկ օրը, որին ողջ տարի անհամբեր կսպասեն ունկնդիրները, որին ոգևորված կպատրաստվեն մեր խմբերը, որին կհյուրնկալվեն աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հայտնի խմբեր, որի համար երկարատև դադարից կարթնանան հին խմբերը, որոնք հերթով մարում են, քանի դեռ ինքնաարտահայտվելու հարթակ ու տեղ չունեն…

Ես ուզում էի, որ սա լինի ռոքը հանուն ռոքի, երաժշտությունը հանուն երաժշտության, երաժշտի ու ունկնդրի համար իրական տոն ստեղծող փառատոն

Dogma
Dogma

Իսկ Հայաստանում, ցավոք, այդ հարցերն ունեն իրենց օբյեկտիվ պատասխանները. երաժշտական ոլորտում ենթակառուցվածքները չեն գործում, խմբերը չունեն ինքնաարտահայտվելու լուրջ հարթակներ, Հայաստանը փոքր է, տեխնիկապես տխուր վիճակում, ամեն ինչ կենտրոնացված է միայն Երևանում, երկրից դուրս գալը մատչելի չէ խմբերի մեծ մասի համար, մեծ հաշվով՝ խմբերը չունեն Հայաստանում գործելու և որպես խումբ առաջնային գործունեություն ծավալելու խթան և հեռանկարներ… Իսկ խմբի ստեղծագործական ուժը պահելու համար պետք են հզոր խթաններ, ոգևորող իրադարձություններ….

Rozen Tal

Այդ է պատճառը, որ 2003թ.-ից տարիներ շարունակ իմ ու ընկերներիս ջանքերով և անձնական միջոցներով ժամանակ առ ժամանակ փորձել ենք ոլորտը կենդանի պահել՝ կազմակերպելով բազմաթիվ համերգներ և փառատոններ ու սատարելով նորաստեղծ խմբերին: Ի դեպ՝ այդ համերգների մեծ մասը կայացել է Տիկնիկային թատրոնում, որը միշտ պատրաստակամ է եղել մեր հետ միասին օգնելու ոլորտի կայացմանը, ու դա է պատճառը, որ տիկնիկայինը դարձել է հայկական ռոք ասպարեզի ամենահարազատ ու սիրելի տեղը, ու այստեղ են առաջին անգամ իրենց ելույթներն ունեցել բազմաթիվ հայկական ռոք խմբեր, որոնցից շատերն այսօր բավականին հայտնի են:

Vostan Hayots

Եթե կհիշեք, 2017 թվականին կայացրեցինք «Music Drive» եռօրյա միջազգային փառատոնը, իսկ դրանից առաջ էլ նման մեծ թվով խմբերով եռօրյա միջազգային բացօթյա փառատոն կազմակերպեցինք 2011թ.-ին՝ «Yerevan Summer Music Festival»-ը: Ցավոք, երկու փառատոններն էլ շարունակական չդարձան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

 

Յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ ներգրավված է եղել կենդանի համերգի կազմակերպման մեջ, գիտի, թե որքան բարդ, աշխատատար և մեծ ֆինանսներ պահանջող աշխատանք է երկու ժամ տևող համերգի կազմակերպումը: Ուրեմն՝ կարելի է կռահել, թե որքան մեծ ֆինանսական, ֆիզիկական և ժամանակային ներդրում է անհրաժեշտ երկօրյա, բացօթյա և 18 խմբի մասնակցությամբ ընդհանուր 10 ժամ տևող տեխնիկապես բարձր մակարդակում փառատոնի կազմակերպումը:

 

Եվ, այնուամենայնիվ, մենք դա հաջողեցի՜նք։

Mik Aelian

Մեր մեծ մարդկային շնորհակալությունն ենք հայտնում փառատոնի գաղափարով ոգևորված բոլոր խմբերին և այն աջակցող մեր բոլոր ընկերներին։ Իսկ նրանց, ովքեր հաշվեցին թերությունները, ովքեր ավելի լավ գիտեին, թե ինչ պետք էր անել, բայց նախօրոք չասեցին կամ չարեցին, կխնդրենք կապ հաստատել մեզ հետ մինչև հաջորդ տարվա փառատոնի կայանալը. մեզ ձեր խորհուրդներն ու անշահախնդիր օգնությունը պետք կգան: